Պրոֆեսիոնալ բռնցքամարտի անցած շաբաթվա ամենախոշոր իրադարձությունն անգլիական Մանչեստրում կայացած Ռիկի Հաթթոն-Վյաչեսլավ Սենչենկո դիմակայությունն էր, ու սա չնայած այն բանին, որ օրվա մի շարք չեմպիոնական հանդիպումների կողքին մարտը ոչ այդպիսին էր, ոչ էլ թեկնածուական:
2009-ին արդեն երկրորդ ռաունդում նոկաուտով պարտություն կրելով բոլոր ժամանակների մեծագույն բռնցքամարտիկ Մենի Պակեաոյից` անգլիացին ձեռնոցները կախեց մեխից: Այդպես լինում է բոլորի հետ էլ. չէ՞ որ կա ինչպես որևէ բան սկսելու, այնպես էլ այն ավարտելու ժամանակ: Կախելը` կախեց, սակայն այդ պարտությունը Ռիկիի համար դարձավ իսկապես ճակատագրական: Նա ընկավ խոր դեպրեսիայի մեջ, իրեն տվեց թմրանյութին ու խմիչքին, մեկ անգամ չէ, որ փորձեց ինքնասպան լինել: Մի խոսքով` կատարելապես կործանված անձ, ումից ոչ թե բռնցքամարտ, այլ նորմալ կյանք վերադառնալն էր դժվար ակնկալելի: Սակայն 2011-ին նա անսպասելիորեն հայտարարեց ռինգ վերադառնալու մասին ու այն փորձեց նշանավորել ոչ երկրորդական կարգի բռնցքամարտիկի հետ հանդիպումով: Ընտրությունը, ի վերջո, կանգ առավ ուկրաինացի Վյաչեսլավ Սենչենկոյի վրա, ով անգլիացու պես եղել է աշխարհի չեմպիոն ու ոչ մեկ անգամ: Ասենք` սկանդալային հայտնի անգլիացին, ելնելով նրա մաքսիմալիզմից ու հավակնոտությունից, ուրիշ ընտրություն չէր էլ կարող կայացնել, որքան էլ շրջապատը հորդորում էր անհամեմատ հեշտ մրցակից ընտրել:
Մարտը կայացավ: Պիտի խոստովանել, որ Ռիկին ավելի լավն էր, քան երբևէ: Նկատի ունենք մարտավարության մեջ մուտք գործած բազմազանությունը: Յոթ ռաունդ նա անդուլ գրոհեց` սարսափելի հարվածաշարերի հեղեղ թափելով ուկրաինացու վրա: Սակայն վերջին տարիների մրցակցային փորձի բացակայությունը, ծանր կենսագրության հետևանքները չէին կարող զգալ չտալ, իսկ ամենասարսափելին վրա հասած հոգնությունն էր: Իններորդ ռաունդում Հաթթոնը մի ակնթարթ կորցրեց զգոնությունը, և լյարդին հասցրած Սենչենկոյի հարվածը նրան գամեց ռինգի հատակին: Մենք հատուկ ենք նշում լյարդը, որովհետև մարզասերը գիտի` կենսական այս օրգանին հասցված դիպուկ հարվածն անբեկանելի է:
Ռիկին պարտվեց: Սա եղավ նրա մարզական տևական կարիերայի թվով երրորդ պարտությունը: Մեկն արդեն հիշատակեցինք, մյուսն էլ պրոֆեսիոնալ բռնցքամարտի համաշխարհային մյուս լեգենդ Ֆլոյդ Մեյվեզերից էր: Աշխարհում քիչ մարզիկներ կան, որոնց մարզական կենսագրությունը «նշանավորվում» է բացառապես նման մեծություններից կրած պարտություններով: Սենչենկոն հաշվի մեջ չէ, թեպետ նա էլ համաշխարհային բռնցքամարտի ուժեղներից է: Չմոռանանք, որ աշխարհի չեմպիոն ամեն մեկը չի դառնում:
Հավատալ, որ անգլիացին կարող է երկրորդ անգամ վերադառնալ մեծ ռինգ, իրատեսական չէ: Ի վերջո, նա երեսունչորս տարեկան է, իսկ աշխարհում, երևի թե, ամեն ինչի ու ամեն մեկին կարող ես խաբել, բացի ժամանակից:
Ռիկի Հաթթոնն իր չափազանց ուշագրավ մարզական կարիերայի մասին սերունդներին պատմելու, անշուշտ, շատ բան ունի: Այդ թվում` համաշխարհային բռնցքամարտում ժամանակին անմնացորդ տիրություն արած Կոնստանտին Ցզյուի նկատմամբ տարած հաղթանակի մասին, երբ ինքը ջահել էր ու նենգության աստիճանի հավակնոտ, իսկ վերջինս նույն տարիքի թելադրանքով մոտ էր կարիերան ավարտելուն: Հաղթեց` տասնմեկ ռաունդ շարունակ կախվելով Ցզյուի թևերից ու այդ կերպ նրան շնչահեղձ անելով, հուսալով, որ հաղթանակը հաղթանակ է, և ո՞վ պիտի հիշի հանդիպման մանրամասների մասին: Եվ իսկապես էլ` ո՞վ պիտի հիշեր, եթե չլիներ Սենչենկոյից կրած այս պարտությունը, որի ավարտը եղավ նույն շնչահեղձությունը: Գուցե բոլորիս վաղուց հոգնեցրել է այս պարզ ճշմարտությունը, բայց դե մի անգամ էլ հիշենք այն` պատմությունը զարմանալիորեն կրկնվելու, բումերանգի պես վերադառնալու հատկություն ունի:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ